ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Մենք Ավետարանը կարդում ենք ուրիշների համար

Մենք Ավետարանը կարդում ենք ուրիշների համար
05.06.2018 | 01:05

«Ինչու՞ ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չեք անում» (Ղուկ. 6.46):
«Ո՛չ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ Երկնքում է» (Մատթ. 7. 21):
Քրիստոնեության սաղմնավորման փուլում տերունական պատգամները ավելի անպայմանորեն և միանշանակ էին ընդունվում և կյանքեր էին վերափոխում:
Այսօր մարդիկ Աստծո Խոսքը շրջանցելու և անտեսելու հազար ու մի պատրաստի պատճառ ունեն, իսկ չանտեսողները վստահ են, որ այդ խոսքը ուղղված է ոչ թե իրենց, այլ իրենց հարազատներին ու հարևաններին, և որ իրենք սոսկ պարտավորված են այն փոխանցել նրանց` առանց նախապես իրենց համար դրանց ունեցած նշանակության շուրջ մտորելու և հետևություններ անելու: Խոսքը աղանդավորների մասին չէ, այլ մեզ պես անմրցելի ու անմեկնելի, առաքելադավան քրիստոնյաների: Մենք Ավետարանը կարդում ենք ուրիշների համար: Գերանները մեր աչքերում չեն: Երբ մեզ պատվիրվում է տալ, մենք սկսում ենք պահանջել և վկայակոչել Ավետարանը: Սա է ժամանակակից քրիստոնյաների անպտուղ հավատի եթե ո՛չ գլխավոր պատճառը, ապա գոնե կարևոր պատճառներից մեկը: Մարդիկ մեկ անգամ կարդում են Սուրբ գիրքը և արդեն ուսուցիչներ են, այնինչ առաջին սրբերը գլխավորաբար իրենց կյանքո՛վ էին ուսուցանում քրիստոնեական ճշմարտությունները:

Մարդիկ չեն հասկանում, որ ամենամեծ հրաշքը իրենց էության փոփոխությունն է, ավելի ճիշտ` նորոգումն ըստ Աստծո նախասահմանության: Մենք կարող ենք վերափոխել աշխարհը, եթե նախ մենք վերափոխվենք: Հավատացե՛ք. դա աննշան իրադարձություն չի լինի և աննկատ չի մնա: Բայց եթե մեկը վերափոխվի, նա իրեն այնքան երջանիկ կզգա, որ էլ ոչ մի այլ բան աչքին չի երևա:


Եթե մենք` ժամանակակից քրիստոնյաներս, իրապես քննենք մեր կյանքը, կսարսափենք, հայտնաբերելով, որ գործնականում չենք կատարում ոչ մի պատվիրան, միայն դասավանդում ենք ու դժգոհում աշակերտների ուշիմության պակասից: Այդ պատճառով մեր շուրջը եղած իրողությունների համար մեղավոր են, բացի մեզնից, բոլորը` ծնողներից ու երեխաներից սկսած, հարևաններով ու իշխանություններով վերջացրած: Շատերը Աստծուն, Տիրամորն ու սրբերին ուղղված իրենց աղոթքներում հրաշք են խնդրում իրենց հարազատների ու սիրելիների համար. հրաշալի ապաքինում, հրաշալի բժշկություն, հաջող ամուսնություն, հրաշալի հղիություն: Նրանք միմյանց համար խնդրում, երբեմն անգամ պահանջում են բարօր ու հարմարավետ, անփորձանք ու անցնցում կյանք... այս աշխարհում և փաստացի սխալ են հասկանում իրենց քրիստոնեական հավատը: Արտաքին ու տեսանելի հրաշքներ ակնկալողներին ու կատարողներին Տերը զգուշացնում է. «Այն օրը շատերն Ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, և Քո անունով դևեր հանեցինք, և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ Ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու՛ կացեք Ինձնից դու՛ք ամենքդ, որ անօրինությու՛ն եք գործում» (Մատթ. 7.22-23): Պատվիրանապահության անհրաժեշտությունը կարևորելով` Տերը անում է հետևյալ համեմատությունը. «Ամեն մարդ, որ Ինձ է գալիս և լսում է Իմ խոսքերն ու կատարում դրանք, ձեզ ցույց տամ, թե ում է նման: Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրա. և երբ հեղեղ բարձրացավ, գետը զարկեց տանը և չկարողացավ շարժել այն, որովհետև նրա հիմքը ժայռի վրա էր հաստատված: Իսկ ով Իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, և այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ» (Ղուկ. 6. 47-49): Իսկ սուրբ Հակոբոս առաքյալը Խոսքին հնազանդվելը համարում է մեր մարդկային կորսված ինքնությունը վերասերտելու և սեփականելու լավագույն կերպ. «Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ. քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը: Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի» (Հակ. 1.22-25):


Այո՛, քրիստոնեությունը շնորհում է ազատություն, բայց ազատության հետ նաև տալիս է պատասխանատու լինելու իրավունք, առանց որի իրացման տրված ազատությունը մնում է թերատ: «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա Կորնթ. 6.12): Ազատությունը սեփական և օտար ցանկությունների գերին դառնալը և ուրիշներին պարտադրելը չէ, այլ այդ ցանկություններին իշխելը, դրանք զսպելը և հաղթահարելը: Ազատությունը սեփական անձին կամ ուրիշներին վնասելու համար չէ, այլ արարելու և կատարելագործվելու:
Քրիստոնեությունը իսլամ չէ, բայց քրիստոնեական ազատությունը անհնազանդության հրավեր չէ, այլ Աստծո` մարդու հանդեպ ունեցած հարգանքի ուղղակի արտահայտություն: Աստված կատարել է մեր փրկությունը, բայց մե՛նք ենք որոշում` տե՞ր դառնանք այդ փրկությանը, թե՞ ոչ:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ